16.01.2015

Հոք...


Հիշում եմ՝ ծնունդների ժամանակ մեր ամբողջ ցեղը հավաքվում էր մեր տանը: Բոլորս տարբեր էինք, բայց իրար հարազատ: Երգում էինք, պարում էինք: Հորքուրիս էի նայում ու հրճվում: Նենց հավեսով էր «Հե՜Յ» ասում: Երազում էի, երբ մեծանամ նրա նման կարողանամ ասել: Հորքուրս բոլոր երգերը գիտեր: Միշտ շատ սիրուն հագնված: Հույս ունեի, երբ մեծանամ այդ բոլոր շորերը ինձ կհասնեն, որ ես էլ տենց սիրուն լինեմ: Հորքուրս ուրիշ էր... ու կարևորը միշտ ժպտում էր:
Ծնունդի քեֆի մասը ավարտվելուց հետո սկսում էր մի էտապ, երբ բոլորը բաժանվում էին խմբերի: Ես ոչ մի խմբում իմ տեղը չունեի, դրա համար էլ մի սենյակից մյուսն էի գնում ու ինչ-որ խոսակցություններ լսում: Կար ծխողների սենյակը: Գրեթե միշտ պատշգամբում էր: Ծխողների մեջ մի չծխող կար՝ մամաս էր: Իրենք նստած էին իրար դիմաց: Ու զրուցում էին: Ես մոտենում էի, նստում էի ու լսում: Հորքուրը միշտ նենց տխուր բաներ էր պատմում: Թե ինչքան դժվարությունների է ինքը հանդիպել ու հանդիպում: Ու ես չէի հասկանում՝ ոնց է նա այդպես կենսուրախ, ոնց է կարողանում միշտ տենց հավեսով ժպտալ: Մաման խորհուրդներ էր տալիս: Հետո մաման էր պատմում իր դժվարություններից, ու հորքուրն էր փորձում օգնել: Դա այնքան գեղեցիկ էր ինձ համար: Իրենք ասես քրեր լինեին, միմյանց հասկացող, օգնող ու կարևորը՝ իրենք երբեք չէին բողոքում:

Փոքր ժամանակ ավելի շատ էինք գնում Աշտարակ ընտանիքով: Հիշում եմ, որ մենք բարձրանում էինք սուրբ Սարգիս եկեղեցի ու ճանապարհին հորքուրին օգնում էինք թեթև քարեր գտնել: Այնքան հետաքրքիր էր ու հաճելի... ամեն մեկս մի ծայր էինք գնում ու գոռում «Հորքուր էս լա՞վ ա»: Ու այդ ժամանակներից է, որ քայլարշավների ժամանակ քարեր են աչքերս փնտրում: Որոնք հավանում եմ, բերում եմ Երևան՝ հորքուրին:

Հիշում եմ Հորքուրի բերած էն աղի թխվածքները, Հորքուրի գտած փախած բաժակները, հիշում եմ Հորքուրի անմարդկային ուժը... Մեր սաղ ցեղի տղերքից ավելի ուժեղ էր:
Ու սիրում եմ Հորքուրի գործերը... սիրում եմ նրա խոսքը: Այն, որ պատմում էր քանդակագործության մասին. մատները... չոր: Ձեռքի շարժումներն ու ակնոցը ուղղելը:

Հորքո՛ւր, դու Ցոլակի նոր ներկայացումները պետք է նայեիր, ինձ մեծ բեմի վրա պետք է տեսնեիր: Հորքո՛ւր, պիտի 
քուրիկի հարսանիքին «Հե՜Յ» ասեիր... պիտի քանդակեիր, լիքը-լիքը: Հորքո՛ւր, պիտի մամայի հետ Արցախ 
գնայինք... պիտի Փարիզում քո ու հայրիկի ցուցահանդեսը կազմապերպեինք... Հորքո՜ւր, ախր դու նոր ֆլեյտայիս 
ձայնն էլ չէիր լսել... Հոք... պիտի ինձ Առաքել Մուշեղը սովորեցնեիր:


Комментариев нет:

Отправить комментарий