16.02.2016

Չարենց/Հավերժություն/Մարդ

Ես Մարդ եմ: Հավերժության մասնիկ: Ավելի Ճիշտ ես էլ եմ Հավերժություն: Ընդմիշտ բառն էլ շատ եմ սիրում: Չարենց էլ եմ շատ սիրում: Չարենցի հայերեն օգտագործելն եմ շատ սիրում: Չարենցի հայերենը սիրունացնելն եմ սիրում:
Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
Չեմ սիրում երկար պոեզիա: Պոեզիան պետք է արձակին նման չլինի:
Սյուժե պետք չի պոեզիային: Չարենցինը ռուբայաթներն են: Չարենցը էդ կարճության մեջ իդեալական է: Ոչ մի ավելորդ բառ չկա: Ոչ մի ավելորդ կետադրական նշան:
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
Միթե հրաշք չի՞: Ոնց-որ մի ակորդ լինի: Ակորդ, որը կարոս ես անվերջ բացահայտել: Անվերջ ուսումնասիրել: Ռուբայաթները քայլեր են: Ամեն ռուբայաթը մի քայլ դեպի հավերժություն: Հավերժությունը զգալուն, թե չէ մենք միշտ էլ հավերժ ենք:
Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։
Ռուբայաթները գույն չունեն: Ռուբայաթները աշխարհն են: Չարենցի աշխարհը: Կարդում ես (միայն մտքում) ու զգում այնքան մոտիկ: Զգում ես որ մարդկանց կողմից ստեղծված ու սահմանված ժամանակը այնքան էլ զորեղ չի որ իմ ու Չարենցի Տիեզերքները իրարից բաժանի:
Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։
Ռուբայաթները առակների կնմանեցնեմ: Առակներ բոլորին: Ամեն մեկը իրան կգտնի Չարենցի Ռուբայաթների մեջ, մի բան հաստատ կվերցնի: Մի անգամ ընկ. Մարգարիտը հարցրեց, թե ինչ եմ կարող սովորել բանաստեղծություն կարդալիս: Հաստատ կարող եմ ասել, որ ռուբայաթ կարդալիս, մենակ ինձ չեմ ճանաչի, մենակ իմ աշխարհը չեմ բացահայտի, ռուբայաթ կարդալով/մտածելով/տողերի արանքները նայելով՝ ընկերներիս կհասկանամ, մեր տան կողքը աճող ծառի հետ ավելի հեշտ կխոսամ, Արևին ուրիշ ձև կերգեմ…
Նա ուզում է գտնել մի կշիռ — ու չափել նրանով ամբողջը,
Ունենալ անխախտ մի հաշիվ — ու չափել նրանով ամբողջը.
Նա սիրում է «հավերժը» միայն, ախ, նայե՛ք՝ նա փնտրում է «կայունը» —
Եվ գտնում է մի… գինու շիշ — ու չափում նրանով ամբողջը։
https://www.youtube.com/watch?v=otJmf3pyb1E ու էս ամեն ինչից Ռախմանինով լսելդ ա մենակ գալիս…

Комментариев нет:

Отправить комментарий